Անթափանց մթի ահեղ լուսատու,
Լուսի՛ն,շունչ տուր ինձ,
Ապրել եմ ուզում…
Լուսեղեն երկնի անհաս կենսատու,
Ա՛րև,հուր տուր ինձ,
Վառվել եմ ուզում…
Դու օվկիանի անծանոթ ճամփորդ,
Կոհա՛կ,համբույր տուր,
Հարբել եմ ուզում…
Իմ մեջ բաբախող մի փոքրիկ էակ,
Սի՛րտ իմ,սեր տուր ինձ,
Սիրել եմ ուզում…

Մի օր էլ գնաց,հեռացավ անդարձ,
Էլ չի լինելու մի այսպիսի օր,
Այս օրն էլ գնաց,գլորվեց անցյալ
Ու չի դառնալու այլևս ներկա,
Այս օրն էլ գնաց ու դարձավ մի հուշ,
Հուշ,որ երբևէ էլ չեմ հիշելու,
Մի օր էլ անցավ,արևն հեռացավ,
Մի անուշ քուն աչքերիս ժպտաց,
Մի լուսե անուրջ,մի չքնաղ երազ,
Ջերմացրեց հոգիս ու անդարձ գնաց,
Էլ չեմ տեսնելու,էլ չեմ զգալու,
Մի օր ,մի երազ թռան հեռացան,
Ավա՜ղ էլ չեն գա,ափսո՜ս,որ չեն գա…